ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.10.2016թ. 
21.10.2016
թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի
50-
ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողություն:
Տերնոպոլի Տարաս Շևչենկոյի անվան 
տարածաշրջանային դրամատիկական թատրոն
20
հոկտեմբեր  2016 թ., Տերնոպոլ, Ուկրաինա

2016 թ. հոկտեմբերի 20-ին, Ուկրաինայում՝ Տերնոպոլի Տարաս Շևչենկոյի անվան տարածաշրջանային դրամատիկական թատրոնի շենքում, կայացել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը և Մայր ԲՈՒՀԻ աշխատակիցներին Ուկրաինայի Նախագահի պետական պարգևների հանդիսավոր հանձնման արարողությունը:
Պարգևատրվողների թվում էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ՝ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: 
Ուկրաինայի Նախագահի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ, ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը:
Պարգևը հանձնել է Տերնոպոլի մարզի  մարզպետ- Ստեփան Ստեփանի Բարնան և ընդգծել է, որ Սահակ Մերուժանովիչը Ուկրաինայի ազգային դրոշի բացառիկ կրողն է Հայաստանում:
Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Նախագահ Պետրո Պորոշենկոյին և բոլոր նրանց, ովքեր այդքան բարձր են գնահատել իր համեստ աշխատանքը:
2016 թ. հոկտեմբերի 21-ին՝ տոնակատարության երկրորդ օրը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի 50-ամյակին նվիրված արարողությունը: Մայր բուհի ռեկտոր գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչը  իր խորհին շնորհակալությունը հայտնեց բոլոր աշխատողների և լավագույներին հանձնեց շնորհակալագրեր, որոնց թվում էր նաև մեր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: Ռեկտորը իր երախտագիտությունը հայտնեց նաև համալսարանի վետերաններին, որոնց թվում էր նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ուստենկո Ալեքսանդր Անդրեևիչը: Վերջինս իր հերթին իր շնորհակալությունը հայտնեց ռեկտոր Անդրեյ Իգորովիչին համալսարանը ճիշտ ուղիով տանելու համար:

7.10.2016թ.

Քաղպաշտպանության ուսումնավարժանք Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տարածքում «Խոշոր հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:    

                  07 հոկտեմբեր 2016 թ., Երևան

Համաձայն Երևանի քաղաքապետի N4166-Ա որոշման 2016 թ. հոկտեմբերի 7-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տարածքում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք «Խոշոր հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով: 
Նշված ուսումնավարժանքը կատարվեց մասնաճյուղի քաղպաշտպանության շտաբի պետ՝ Ալեքսեյ Կարապետյանիգլխավորությամբ: 
Ուսումնավարժանքին ներկա էին Երևանի Ավան վարչական շրջանի հրշեջ բաժնի պետ՝ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի ավագ հրահանգիչ՝ մայոր Աստղիկ Քամալյանը: 
Ուսումնավարժանքի պլանով նախատեսված գործողություններն էին՝ ուսանողների և աշխատակազմի տարհանումը հրդեհով բռնկված շենքից, հրդեհի մարումը, բուժօգնություն տուժածներին, շտապ օգնության կանչը, բոլոր գործողությունները կատարվեցին ճշգրիտ ժամկետներում: 
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքը գնահատվեց «գերազանց»: 

 23.09.2016թ.

Հայաստանի և Ուկրաինայի անկախության 25-ամյակին նվիրված
հանդիսավոր միջոցառում ՏԱՏՀ ԵրԿԳԻում
 23 սեպտեմբեր 2016 թ., Երևան

2016 թ. սեպտեմբերի 23-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրվածՀայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 25-ամյակին: Հյուրերին ինստիտուտի ուսանողները դիմավորեցին հանդիսավորությամբ՝ աղ ու հացով:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի Հերոս, անվանի բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ, դրամատուրգ, պետական և հասարակական գործիչ՝ Իվան Ֆյոդորի Դրաչը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորիի Պիխուլյան, հայտնի ամերիկահայ գրականագետ, թարգմանչուհի, հրապարակախոս, բարերար՝Մարո Մադոյան-Ալաջաջյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան՝ Ալեքսանդր Իվանի Բոժկոն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանում Ուկրաինայի նախկին հավատարմատար՝ Իվան Զագորոդնին, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար՝ Մանվել Ջավադյանը, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Սուրեն Գյանջումյանը, Երևանի գրողների միության նախագահ՝ Աբգար Ափինյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները: 
Հանդիսավոր միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի ազգային օրհներգերի ներքո:
Ողջույնի խոսք ասաց ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Սահակ Ղուդրատյանը շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ, ապա երախտագիտության խոսքեր հնչեցրեց մեր հայրենիքի պաշտպաններին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի անկախության: Այնուհետև Սահակ Ղուդրատյանը բեմ հրավիրեց Ուկրաինայի Հերոս, հայ ազգի մեծ բարեկամ, Ուկրաինայի անվանի բանաստեղծ Իվան Ֆյոդորի Դրաչին: Իվան Դրաչը նվիրեց ուկրաինացի հայտնի հայագետ Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում»՝ «Вірмени в Україні» աշխատությունը, ինչպես նաև ուկրաիներեն թարգմանությամբ ընթերցեց անվանի բանաստեղծ Պարույր Սևակի «Ազատություն» բանաստեղծությունը: 
Շնորհավորանքներով ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ. Պիխուլյան: Վադիմ Պիխուլյան նշեց, որ միջոցառումը խորհրդանշական է, քանզի այն տեղի է ունենում մի գեղեցիկ տարածքում՝ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում, և մեր ժողովուրդների կարևորագույն տոները նշում ենք միասին: Այս հանդիպումն առանձնանում է նրանով, որ այստեղ ներկա են Ուկրաինայի Հերոս, անկախության մարտիկ Իվան Ֆյոդորի Դրաչը և Հայաստանում Ուկրաինայի կրկնակի դեսպան Ալեքսանդր Իվանի Բոժկոն: Ինչպես նաև նշեց, որ մեր ժողովուրդների միջև կա ընդհանուր պատմություն և մշակույթ: 
Հաջորդիվ ելույթ ունեցավ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա.Ի.Բոժկոն: Ալեքսանդր Բոժկոն կարևորեց հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Ուկրաինայում հայոց պատմության, մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Դրա մասին է վկայում Ուկրաինայի անվանի բանաստեղծ Իվան Ֆյոդորի Դրաչի ներկայությունը: Մասնավորապես, նա ասաց. «Իվան Ֆյոդորովիչը մեծ ավանդ ունի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության պատմության մեջ: Նա փնտրել և թարգմանել է հայ գրականության մեջ այնպիսի մարգարիտներ, որոնք կարող էին զարդարել ուկրաինական գրականությունը. թարգմանել է այնպիսի մեծությունների աշխատությունները, ինչպիսիք են՝ Նարեկացին, Պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանը և շատ այլ անվանի բանաստեղծներ, որոնք պատկերացում են տալիս հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի և այսօրվա մասին»: 
Ուսանողները ներկայացրեցին գրական – երաժշտական ծրագիր, որտեղ հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի անկախությանը նվիրված հայերեն և ուկրաիներեն լեզուներով բանաստեղծություններ և երգեր: Ուսանողների ելույթը ներկաները ընդունեցին մեծ հետաքրքրությամբ և ծափողջույներով: Մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև սկսնակ բանաստեղծուհի Ռոզա Ղուդրատյանի ելույթը: Նա կարդաց իր բանաստեղծությունը հայրենիքի մասին: 
Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի և Ուկրաինայի անկախության կայացման և պատմական իրադարձությունների մասին տեսանյութ: 
Միջոցառման ավարտին Սահակ Ղուդրատյանը մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ: Սահակ Ղուդրատյանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ձեռքբերված անկախությունը, քանզի անկախության պայքարը և Հայաստանի, և Ուկրաինայի համար դեռևս շարունակվում է: 

16.07.2016թ.

Տոնական համերգ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի և 2016թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման կապակցությամբ 
 «Արամ Խաչատրյան» համերգասրահ

16  հուլիս 2016 թ. Երևան

2016 թ. հուլիսի 16-ին Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ տոնական համերգ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյակի, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի և շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Միջոցառումը մեկնարկվեց Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի օրհներգների ներքո: Ապա հնչեցին Ուկրաինայի Կրթության և գիտության նախարար Գրինևիչ Լիլիայի և Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձները : Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի անունից նախարարի խորհրդական Արթուր Մկրտչյանը հանձնեց ինստիտուտի դասախոսներից մի քանիսին պատվոգրեր և շնորհակալագրեր, իսկ տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին՝ նախարարության բարձրագույն պարգևը՝«Ոսկե հուշամեդալ»: Այնուհետև ելույթ ունեցավ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Բրիչ Վասիլի Յարոսլավովիչը: Նա փոխանցեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ Իգորեվիչի շնորհավորանքները ինստիտուտի հոբելյանական 15-ամյակի կապակցությամբ: Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ գործունեությամբ նպաստել են մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև կրթական կամուրջի ստեղցմանը՝ այդ կամուրջը կոչվում է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ, և նրանց, ովքեր աջակցում են նրա զարգացմանը: Վ.Բրիչը նշեց. «Ինստիտուտի գործունեությունը մշտապես գտնվում է գիտական խորհրդի, ռեկտորատի, ռեկտորի ուշադրության կենտրոնում: Մենք ոչ միայն կաջակցենք ինստիտուտին, այլ նաև կնպաստենք նրա զարգացմանը:» Վասիլի Յարոսլավովիչը պատվոգրեր հանձնեց ինստիտուտի դասախոսական անձնակազմին և աշխատողներին թվով տասը հոգու: Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վադիմ Գրիգորիի Պիխուլյան: Իր ելույթում նա ընդգծեց, որ 15 տարվա ընթացքում ստեղծվել է հզոր նյութատեխնիկական բազա բարձրակարգ կադրեր պատրաստելու համար: Մասնավորապես նա նշեց. « Այժմ ինստիտուտը հանդիսանում է ժամանակակից, մրցունակ և հեղինակավոր բուհ: Ինստիտուտի կայացման գործում  կարևոր դեր ունեցավ ՀՀ կառավարության աջակցությունը: Ուսանողները՝ սովորելով ուկրաիներեն լեզուն, Ուկրաինայի պատմությունը և մշակույթը, ամրապնդում են բարեկամական և գործարար կապերը Ուկրաինայի և Հայաստանի միջև: Ուկրաինայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար որպես կարևորագույն գործոններից մեկը դիտարկվում է ինստիտուտի հաջող գործունեությունը:» Վ. Պիխուլյան մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր ուսանողներին, շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին հոբելյանի առթիվ և մաղթեց նորանոր հաջողություններ: Այնուհետև շնորհավորանքներով ելույթ ունեցավ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակից ՝ Վոլոդյա Բարսեղյանը: Նա նշեց, որ ինստիտուտը ակտիվ դեր է խաղում Ավան վարչական շրջանի կյանքում և անվանեց ինստիտուտը «մասնագետների յուրահատուկ դարբնոց, ովքեր ներկայացնում են Ուկրաինայի մշակույթն ու կրթությունը Հայաստանում»: 15-րդ տարեդարձի կապակցությամբ Վ. Բարսեղյանը հնչեցրեց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղերձը և հանձնեց  շնորհակալագիր ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանին: Այնուհետև ելույթ ունեցավ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Իր հոբելյանական խոսքում Ս. Ղուդրատյանը ներկաներին կարճ ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին, ծանոթացրեց ինստիտուտի հաջող զարգացմանը և հեղինակությանը նպաստող սկզբունքներին: Նա ասաց. «Մենք խորապես գիտակցում ենք, որ ցանկացած պետության հիմքը՝ կրթությունն է…. Մեր ապագան կառուցում ենք մենք: Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը 20 տարի անց լինի զարգացած երկիր, այլ ոչ թէ զարգացող, մենք պետք է աշխատենք այսօր …. Այս 15 տարիները մենք անցանք ամբողջ մեր կոլեկտիվի և ուսանողների հետ միասին, կարծում եմ այդ ճանապարհը մենք անցանք պատվով: Այսօր ես համարում եմ, որ մենք կայացել ենք»: Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կանգնած էին ինստիտուտի ակունքներին, օգնելով նրա ստեղծմանն ու կայացմանը: Տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին և ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ինստիտուտի գործունեությունը բարձր գնահատելու համար: Տնօրենը բոլորին շնորհավորեց հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ և մաղթեց շրջանավարտներին հաջողություն: Ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվում էր տեսանյութ ՏԱՏՀ ԵրԿԳԻ-ի անցած ուղու և ձեռքբերումների մասին: Ցուցադրումը ընդմիջվում էր հայ էստրադայի աստղերի ելույթներով: Կայացավ 2016 թ. շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները հանձնում էին ինստիտուտի տնօրեն Ս. Ղուդրատյանը և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Վ. Պիխուլյան: Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ինստիտուտի ղեկավարությանը, անձամբ ինստիտուտի տնօրեն Ս. Ղուդրատյանին և ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և վարչական աշխատակիցներին: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց ինստիտուտի օրհներգով ուսանողների կատարմամբ: