ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.07.2016թ.

Նադեժդա Պանֆիլովնա Միրզոյանի(Շիրմա) անվան լսարանի բացման արարողությունը
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում,
 12  հուլիս 2016 թ. Երևան

2016 թ. հուլիսի 12-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված ուկրաիներեն լեզվի և գրականության դասախոս Նադեժդա Պանֆիլովնա Միրզոյանի(Շիրմա) անվան լսարանի բացման արարողությանը: Նադեժդա Պանֆիլովնան դասավանդվում էր մեր ինստիտուտում արդեն 15 տարի՝ սկսած հիմնադրման օրվանից: Նա մինչ իր մահկանացուն կնքելը, մինչև վերջին օրը ակտիվ մասնակցություն ուներ մեր ինստիտուտի կյանքում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլյան, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներ, «ՀՀ-ում ուկրաինացիների “Ուկրաինա” ֆեդերացիայի» նախագահ Աննա Հարությունյանը, Սերգեյ Միրզոյանը` Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը, հարազատները և յուրայինները, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, ինստիտուտի աշխատակազմը և ուսանողները:
Իր բացման խոսքում ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը բոլորի անունից հարգանքի տուրք մատուցեց Նադեժդա Պանֆիլովնայի հիշատակին: Ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Գ.Պիխուլը, ՀՀ-ում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանը, Կիև քաղաքում (Ուկրաինա) հայոց լեզվի դասընթացների դասավանդող Ռուզաննա Հրանտի Մարտիրոսյանը: Միջոցառմանը ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Նադեժդա Պանֆիլովնային: Ինստիտուտի ուսանողները ներկայացրին գրական-երաժշտական կոմպոզիցիա:
Ի պատասխան իր խոսքն ասաց Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը՝Ս. Միրզոյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ս. Մ. Ղուդրատյանին ուշադրության եւ աջակցության համար: Ելույթ ունեցան նաև Նադեժդա Պանֆիլովնայի հարազատները, ընկերներն ու բարեկամները: 

 14.06.2016թ.

Գիտաժողով` «Միգրացիայի ժամանակակից գործընթացները և նրանց ազդեցությունը երկրների տնտեսության վրա» խորագրով:
ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ,
 14 հունիս 2016 թ. Երևան 


2016թ. հունիսի 14-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` «Միգրացիայի ժամանակակից գործընթացները և նրանց ազդեցությունը երկրների տնտեսության վրա» խորագրով: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ս. Մ. Ղուդրատյանը, կարևորելով թեմայի արդիականությունը, նշեց, որ ներկայումս միգրացիան այս կամ այն չափով ընդգրկել է գրեթե բոլոր երկրները: Որպես բնական և խնդրահարույց գործընթաց՝ այն հղի է սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ծանր հետևանքներով: Ուստի միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Գրիգորիի Պիխուլյան: Գիտաժողովին իրենց զեկուցումներով հանդես եկավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը: Հիմնական քննարկումները ծավալվեցին միգրանտների տնտեսական, սոցիալական, քաղաքական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

09.06.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: 

Երևան, հունիսի 9-ը

2016 թ.2016թ. հունիսի 9-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում մեծ հաջողությամբ կայացավ ավարտական կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը «Համակարգչային ինժեներիա» (բակալավր) և «Համակարգչային համակարգերի և ցանցերի սպասարկում» (քոլեջ) մասնագիտություններով:

23.05.2016թ.

ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի 
ՄրցույթԻնտելեկտուալ խաղեր
 23 մայիս 2016 թ. Երևան

2016թ. մայիսի 23-ին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ “Ինտելեկտուալ խաղ” մրցույթ: Մրցույթին մասնակցում էին ինստիտուտի տարբեր խմբերի ու կուրսերի ուսանողներ, որոնք ներկայացան 4 թիմով: Մրցույթի հանձնաժողովը ղեկավարում էր ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Մրցույթը վարում էին ուսանողները: Ողջույնի խոսքից հետո տրվեցին հետաքրքրաշարժ տեղեկություններ աշխարհի հայտնի մարդկանց կյանքից և նրանց զարգացվածության աստիճանի(IQ)մասին: Խաղ-մրցույթի ընթացքում տրվեցին բազմաթիվ հարցեր, հանելուկներ: Մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը տալ ճիշտ պատասխանը: Խաղի վերջում ամփոփվեցին արդյունքները և ճանաչվեց հաղթող թիմը: 

16-17.05.2016թ.

«Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության և ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ներկայացուցիչների այցը Շիրակ, մայիսի 16-17-ը, 2016 թ.

Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը մասնակցեց «Շիրակ Հայրենակցական Միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած գրքահավաքին: Հավաքված 3000 կտոր գիրքը նախատեսվել է նվիրել Շիրակի մարզի գյուղերի դպրոցներին և համայնքային գրադարաններին:
Մայիսի 16-ին և 17-ին Շիրակ Հայրենակցականի կրթության և գիտության հանձնաժողովը(հանձնաժողովի նախագահ՝ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյան) այցելեց Շիրակի մարզ և գրքեր նվիրեց սահմանային և լեռնային հեռավոր՝ Շաղիկ, Սարագյուղ, Բավրա, Ջրառատ, Լեռնակերտ և Մեղրաշեն գյուղերի դպրոցների գրադարաններին: Նվիրատվությունը շարունակելու են մարզի մյուս գյուղերին ևս: